04.03.2010թ. 30(722)ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԼՐԱՀՈՍ

Արխիվ
Թողնել հաղորդագրություն

հարգանքն ու վստահությունը ոչպես ամենագնահատելի կապիտալ

Լիլիթ Գալստյան

Հայաստանում բիզնեսի սոցիալական պատասխանատվության օրինակ շատերն են փորձում ցույց տալ, սակայն եզակի են լինում այնպիսիք, որոնց կատարած աշխատանքները իսկապես սոցիալական լայն արձագանք են ստանում հասարակության շրջաում: Եվ այս առումով այդ եզակիներից է Գագիկ Ծառուկյանը, որը տնտեսական ճգնաժամային պայմաններում Հայաստանի բիզնեսի եւ քաղաքական շրջանակների համար սահմանեց սոցիալական պահվածքի եւ վարքի չափորոշիչներ, որոնք միտված էին հասարակության համար ճգնաժամն իսկապես հնարավորինս քիչ զգացնել տալու: Սակայն, անցած ամիսները վկայեցին, որ Գագիկ Ծառուկյանն ինքն էլ մնաց այն միակ խոշոր տնտեսական եւ քաղաքական գործիչը, որը կարողացավ համապատասխանել այդ չափորոշիչներին, որովհետեւ մյուսները ժողովրդի, հասարակության հոգսը թեթեւացնելու կոնկրետ գործերի փոխարեն զբաղվում էին միայն անձնական գրպանների ճգնաժամից պաշտպանելու գործերով եւ միայն թոզ էին փչում հասարակության աչքերին: Ու միայն Գագիկ Ծառուկյանն էր, որ կարողացավ մնալ իր իսկ սահմանած չափորոշիչների մակարդակի վրա եւ ի փոխհատուցում դրա ստացավ հասարակական հեղինակության եւ հարգանքի հերթական չափաբաժինը, որպես գործարար, քաղաքական գործիչ եւ պարզապես մարդ, որի աշխատանքը միտված է մարդուն, նրա հոգսը թեթեւացնելուն, եւ որը հենց մարդկանց հարգանքն ու վստահությունն է համարում ամենագնահատելի կապիտալը, որ կարող է պետք գալ յուրքանչյուր ազգային գործչի: Եվ որպես ազգային ու պետական գործիչ, Գագիկ Ծառուկյանը հակաճգնաժամային վարքի նման վառ եւ հանրօգուտ օրինակ դրսեւորեց ցավոք սրտի այն անապատում, որ կա Հայաստանում քաղաքական եւ տնտեսական խոշոր գործիչների առումով:

շատ վտանգավոր դրություն

Ագապի Հայկազունի

Եվրամիության պատվիրակությունը գլխավորող Միգել Անխել Մորատինոսը, որը երեւանյան այցելության ընթացքում հանդիպեց Հայաստանի իշխանությունների հետ, հայտարարեց, որ ղարաբաղյան կարգավորումը մտել է եզրափակիչ փուլ: Նմանօրինակ հայտարարություններն առաջին անգամ չէ, որ հնչում են, սակայն ուղղակիորեն որ ասվի եզրափակիչ փուլի մասին, չի եղել երբեք: Սակայն, բնականաբար պետք է պարզել, թե հատկապես ինչում է այս փուլի էությունը: Այսինքն, ինչ է նշանակում եզրափակիչ փուլ, առավել եւս, եթե դեռ կան հարցեր, որոնք համաձայնեցված չեն: Հարցը բնականաբար նրանում է, թե որ հարցերըն են, որ համաձայնեցված չեն կողմերի միջեւ, եւ ինչումն է այս դեպքում եզրափակիչ փուլ ասվածի իմաստը, ելնելով այն իրողություններից, որ նախկինում են եղել են չհամաձայնեցված հարցեր, սակայն եզրափակիչ փուլ չէր ասվում: Այսինքն, մենք տեսնում ենք, որ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ արվող հայտարարությունները, որ կատարում են տարատեսակ արտասահմանյան դիվանագետները, իրենց մեջ կրում են իրականությունը թաքցնելու բուն նպատակներ: Այսինքն, նմանօրինակ հայտարարություններով փորձ է արվում ստեղծել մի որոշակի ֆոն, որի տակ կատարվում են բոլորովին այլ գործընթացներ, տեղի են ունենում բոլորովին այլ պայմանավորվածություններ: Սակայն հենց սրանում է վտանգը: Այսինքն, վտանգը այսպիսի իրավիճակ է ստեղծվում, հասարակությունը պատվում է անորոշությամբ, բացարձակապես զրկվում է իրականություն պարունակող ինֆորմացիայից, եւ սա էլ նպաստում է ղարաբաղյան հարցում կողմերի վրա միջազգային միջնորդների կողմից գործադրվող ճնշումների ավելացմամբ: Չէ որ, եթե հասարակությունները տեղյակ չեն բանակցությունների ընթացքից, իսկ բանակցությունները մտել են վճռական մի փուլ, ապա այս փուլում իշխանությունների վրա ճնշումները կարող են լինել բավական ուժեղ, իսկ իշխանությունները չեն կարողանալու այս ճնշումներին դիմակայել առանց հասարակությունների աջակցության: Հետեւաբար, խնդիրը նրանում է, որ իշխանությունները, տվյալ դեպքում Հայաստանի իշխանությունները, պետք է հնարավորինս բացահայտեն հասարակության համար այն բանակցային բովանդակային հարցերը, որոնք դրված են սեղանին, որոնք համաձայնեցված են եւ որոնք ոչ: Իշխանությունները պետք է հստակ ասեն, որ ինչն են մինչեւ այսօր համարում համաձայնեցված, իսկ ինչն է մնացել չհամաձայնեցված: Բնականաբար, հասկանալի է, որ եթե կան չհամաձայնեցված կետեր, ապա խոսքը չի գնում համաձայնեցված տարբերակի մասին: Սակայն խնդիրը նրանում է, որ պետք է հասարակությունը տեղյակ լինի, թե մինչեւ հիմա Հայաստանի իշխանություններն ինչին են համաձայնություն տվել եւ ինչն է մնացել: Բանն այն է, որ հասարակության այս անտեղյակության պատճառով Հայաստանի վրա կատարվում են ճնշումներ, որպեսզի մեծացնեն այն հարցերի շրջանակը, որոնցում պետք է, որ Հայաստանը գնա համաձայնության եւ զիջումների ծավալները մեծացնի: Իսկ ինչն է վկայում այն մասին, որ ճնշումները գործադրվում են Հայաստանի վրա: Սրա մասին վկայությունը նրանում է, որ նախ եւ առաջ առաջին հերթին Հայաստանն է, որ ունի այսպես ասած տալու բան այս պրոցեսում, որովհետեւ Ադրբեջանն ամեն ինչ տվել է դեռեւս պատերազմի ընթացքում: Եվ խնդիրը նրանում է, որ Ադրբեջանը չի համաձայնվում բանակցությունների ընթացքում քչով գոհանալուն եւ Հայաստանից ամբողջն է պահանջում: Եվ հետեւաբար տրամաբանությունը հուշում է, որ Ադրբեջանին չեն համոզում, որ շատ տա, այլ համոզում են, որ քչով գոհանա, իսկ Հայաստանին էլ զուգահեռաբար համոզում են, որ հնարավորինս շատ տալուն համաձայնվի: Հետեւաբար, ակնհայտ է, որ տալու իմաստով ճնշումները Հայաստանի վրա են ընկնում, առավել եւս, եթե դրան գումարվում է նաեւ հայ-թուրքական ուղղության առկայությունը եւ այս հարցում ղարաբաղյան նախապայմանների գոյությունը: Այսինքն, ստացվում է, որ Հայաստանի իշխանություններն ընկել են որոշակի ծուղակի մեջ, ինչի պատճառը նրանում է, որ իշխանությունները փորձում են իրենց ցույց տալ իբր կովկասյան խաղաղության աղավնիներ, ինտեգրացիայի հետեւորդներ եւ այլն, եւ այս ամենն ազգային շահերի եւ հետաքրքրությունների հաշվին: Դե իսկ համաշխարհային հանրությունն էլ այս ամենից հետո նրանց քթից բռնել եւ ասում է, որ եթե այսպես ջատագով են ինտեգրացիայի, ուրեմն պետք է պատրաստ լինեն այս ինտեգրացիայի եւ կայունության համար էլ մեծ ներդրումներ անել: Իսկ Հայաստանի իշխանություններն էլ իրենց իսկ սույն նախաձեռնողականության ձեռքը կրակն ընկած, կամ պետք է տեղափոխվեն համեմատաբար ապակառուցողական ոլորտ, կամ պետք է ներդնեն իրենց ունեցածը` ազգային շահերը, որովհետեւ ուրիշ կապիտալ իրենք չունեն: Արդյունքում ստացվում է, որ երկու դեպքում էլ Հայաստանը հայտնվում է շատ վտանգավոր դրության առաջ:

մուկն ու կատու են խաղում

Լիլիթ Գալստյան

Ներիշխանական բուրգի երկպառակություններն ավելի ու ավելի են խորանում, վտանգելով արդեն ոչ միայն իշխանություններին, այլ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը, քանի որ մի պետություն, որի իշխանություններն իրար միս են ուտում, եթե կարելի է այսպես ասել, չի կարող վարել արդյունավետ ոչ ներքին, եւ ոչ էլ արտաքին քաղաքականություններ եւ դատապարտված է գոյություն քարշ տալու, իր կամքից անկախ եւ իր ուժերից վեր ապավինելով բախտի քմահաճույքներին: Եվ այս ամենը գիտակցելու փոխարեն, իշխանությունները, ավելի ճիշտ իշխանական տարատեսակ թեւերն ու բեւեռները շարունակում են իրենց ունեցած լծակները բանեցնել ինտրիգներ հյուսելու, իրար տակ փորելու համար: Բնականաբար ամենամեծ ինտրիգանն այսօր Մխչյանի հայտնի կենդանին է` Մուկը, որը մի քանի ուղղություններով հյուսել է թելեր, որոնցով փորձում է խաղարկել ամեն ինչ: Մուկը շարունակում է իր աշխատանքները Սերժ Սարգսյանի ազդեցությունն իշխանական բուրգում չեզոքացնելու եւ նրան իրենից լիակատար կախվածության մեջ դնելու համար: Դրա համար նա շարունակում է տարածել տեղեկություններ իր ավելի ու ավելի մեծացող ազդեցության մասին, այն մասին, որ Սերժ Սարգսյանն առանց իրեն չի կարողանում որեւէ մի հարց լուծել: Սա իհարկե չի համապատասխանում իրականությանը եւ Մուկն իրականում մուկ է, ու ոչ թե փիղ: Ավելին, Մկան հեղինակությունն իշխանական բուրգում ավելի ու ավելի է ընկնում, նրա ինքնահավան եւ մեծամիտ անգրագիտությունն ավելի ու ավելի է նյարդայնացնում շատերին, սակայն քանի որ Սերժ Սարգսյանը դեռ կոնկրետ կողմնորոշում Մկան հարցով չի արտահայտում, մյուսները ձեռնպահ են մնում նրա հանդեպ հստակ դիրքորոշումից եւ երբեմն նույնիսկ ընդունում են նրա ազդեցությունը: Սակայն, ոչ բոլորն են, որ սա անում են, քանի որ իշխանական բուրգում կան ռեալ թեւեր, որոնք մխչյանցու ազդեցության դեմ նույնիսկ պայքարում են: Այս թեւերում են նախագահականի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, որը սակայն իրեն հատուկ տափուկ ոճով գերադասում է ամեն ինչ անել ոչ բացահայտ, ոչ ուղղակի, այլ խնդում է Հովիկ Աբրահամյանի երեսին, սակայն գործում է նրա մեջքի հետեւում, նույն թեւերում են նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը սակայն ոչ մի կերպ չի կարողանում հանդես բերի տղամարդկություն եւ գլխավորի Աբրահամյանից դժգոհ հանրապետականների թեւը: Եվ հիմա արդեն Մկան լուրջ մրցակից դառնալու ցանկություններ է արտահայտում Արթուրիկ Բաղդասարյանը, որը Ֆրանսիա կատարած այցելությունից հետո նեղ շրջանակներում նշել է, որ եթե Մուկը հանկարծ իշխանական բուրգում վճռական ազդեցություն ունենա, ապա առաջին հարվածը հասցնելու է ՕԵԿ-ի ուղղությամբ եւ ՕԵԿ-ին դուրս է շպրտելու իշխանական համակարգից: Արթուրիկ Բաղդասարյանն էլ այսպիսով որոշել է լծվել մխչյանցու դեմ պայքարի գործին: Սակայն, վճռական խոսքը դեռ պատկանումէ Սերժ Սարգսյանին, իսկ նա դեռ շարունակում է Մկան հարցով կարկամել, չկողմնորոշվելով նրան պահելու կամ հեռացնելու հարցում: Սակայն, մինչեւ երկար կողմնորոշվում է Սերժ Սարգսյանը, Մուկը հասցնում է ամբողջովին ականապատել իշխանական դաշտը, ինչի արդյունքները մենք տեսնում ենք Հայաստանում քայքայվող տնտեսության, բարոյահոգեբանական քայքայված մթնոլորտի, կառավարման համակարգի քաոսի տեսքով:

վարդանյանները մտահոգված են

Մհեր Սեդրակյան

Ինչպես հայտնում են լավատեղյակ աղբյուրները, Վարդանյանների ընտանիքը` Հրանտ Վարդանյանն ու որդիները` Կարենն ու Միքայելը, որոնք ԱԺ պատգամավոր են, արդեն բավական երկար ժամանակ է, որ գտնվում են տվայտանքների մեջ: Բանն այն է, որ նրանք փորձում են Սերժ Սարգսյանից երաշխիքներ ստանալ, որ հայ-թուրքական սահմանների բացման դեպքում իրենք կպահպանեն մենաշնորհային դիրքերը Հայաստանում եւ քաղցրեղենի եւ ծխախոտի արտադրության ոլորտում: Սակայն, ինչպես մեր աղբյուրներն են հաղորդում, Սերժ Սարգսյանը նրանց նման երաշխիքներ չի տալիս: Սակայն պատճառը ոչ թե նրանում է, որ Սարգսյանը փորձելու է քանդել մենաշնորհը, այլ պարզապես նա խոստացել է օլիգարխներից մեկին, իսկ ավելի կոնկրետ Սամվել Ալեքսանյանին, որ այս ոլորտում նա հնարավորություն կունենա վարդանյանների մենաշնորհը կիսել: Եվ ահա սա ուրեմն Վարդանյաններին գցել է տվայտանքների մեջ, քանի որ նրանք լավ են հասկանում, որ այսօր կիսելով մենաշնորհը, վաղը նրանց ձեռքից նաեւ մնացյալն են վերցնելու եւ թողնելու են շատ քիչ մի բան: Իսկ պատճառը նրանում է, որ չնայած Սերժ Սարգսյանը վարդանյանների գործարաններ էր այցելում չնայած նրանց երեսին խնդում էր, այնուամենայնիվ, չի մոռացել, որ վեց տարի առաջ ընտրություններում Վարդանյան Հրանտը հայտարարել էր, որ Հայաստանում մինչեւ Սերժ Սարգսյանը չգնա երկրից, կոռուպցիայի դեմ պայքարել չի լինի: Սերժ Սարգսյանը սա հիշում է եւ առաջիկայում հիշեցնելու է վարդանյաններին, ու հասկանալի են վերջիններիս հոգեկան տվայտանքները:

 

Լրատվական գործունեություն իրականացնող «ԱԳԱՊ-ԱՐԴ» ՍՊԸ
pak-pakagic@yandex.ru, pakagic@inbox.ru
Հասցե՝ Աբելյան 6/1 (5-րդ հարկ), Հեռ.՝ 39 72 86
 Փակագիծ-1
 

հայկական տրագիկոմեդիա-1

Խորհրդարանական “մումիաների” մեր շարքի հերթական հերոսը Արմեն Մխիթարյանն է, որն այս շարքի երեւի թե ամենահամապատասխան ներկայացուցիչներից է: Բանն այն է, որ Արմեն Մխիթարյանը խորհրդարանում չի խոսում նույնիսկ միջանցքներում, ուր մնաց նրա ձայնը լսվի խորհրդարանական դահլիճում: Սակայն, սույն պատգամավորի հարցում ամենազավեշտալին նրանում է, որ նա Եվրոպական ինտեգրացիայի հարցերով հանձնաժողովի նախագահ է: Արմեն Մխիթարյանն ու~ր, եվրոինտեգրացիան ուր: Մխիթարյանն ու Եվրոպան ինչպես խոզն ու տուռնիկը, չնայած որ նույն բանն են նաեւ Մխիթարյանն ու խորհրդարանը, այնպես որ, եթե Արմեն Մխիթարյանի գրագիտության մակարդակի տեր անձնավորությունը հայտնվել է խորհրդարանում, ապա զարմանալի չէ, որ նա կարող է լուսնի հարցերով հանձնաժողովի նախագահ էլ լինել, առավել եւս, որ լինելը Մխիթարյանից ջանք չի պահանջում, այլ պահանջում է միայն ժամանակին եւ հստակ կատարել իշխանական պատվերները, ինչը Մխիթարյանը կատարում է անթերի:

 
 
 Փակագիծ-2
 

հայկական տրագիկոմեդիա-2

Տրամաբանությունը հուշում է, որ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավորները պետք է այս օրերին ուշի-ուշով ուսումնասիրեին հայ-թուրքական արձանագրությունները, որոնց կապակցությամբ պետք է իրենք որոշում կայացնեն իրենց քվեարկություններով: Սակայն, կան պատգամավորներ, որ սրա փոխարեն այսօր անհամբեր սպասում են, թե երբ են կոճակ սեղմելու եւ արձանագրությունները փաթաթելու հայ ժողովրդի ջանին, որպեսզի իրենք էլ անձնական օգուտներ քաղեն դրանից: Սույն պատգամավորների շարքում կարկառուն ներկայացուցիչներից է Կարամելի Հարութը` Հարություն Ղարագյոզյանը: Այս պատգամավորն արդեն իսկ սեփական օգուտներն է հաշվում հայ-թուրքական արձանագրությունների վավերացումից, թեեւ հանուն արդարության պետք է նշենք, որ խիստ կասկածում ենք, որ Կարամելի Հարութը հաշվել գիտի, դատելով նրա ինտելեկտուալ հնարավորություններից: Եթե նա հաշվել իմանար, ապա հրուշակեղենի արտադրությունում “տակ չէր տա”, այն դեպքում, երբ տարիներ առաջ իշխանությունները նրան վսհատեցին այդ ոլորտում Հրանտ Վարդանյանին մենաշնորհ թույլ չտալու համար մրցակցության հնարավորությունները: Սակայն, Կարամելի Հարութը իր անգրագետ տնտեսվարությամբ կատարելապես ձախողեց սույն հնարավորությունը: Եվ այսօր նման ձախողակը պատրաստվում է քվեարկել այնպիսի մի կարեւոր հարցի կապակցությամբ, ինչպիսին են հայ-թուրքական արձանագրությունները: Պարզ է, որ նման ազգընտիրներ ունենալու դեպքում, ինչպես Կարամելի Հարութն է, հայ ազգի ձախողումները երաշխավորված են:

 
 
 Փակագիծ-3
 

հայկական տրագիկոմեդիա-3

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ Կոնգրես, հայամետ կոնգրեսականների հրավերով, կապված ցեղասպանության հարցի քննարկման հետ: Եվ այս պատվիրակության կազմին նայելիս կարելի է ուղղակի ծիծաղել, թե ովքեր են գնալու եւ այս կարեւոր ժամանակահատվածում Հայաստանի խորհրդարանը ներկայացնելու Վաշինգտոնում: Կազմի մեջ թերեւս միակ մարդը, որի հարցում կարելի է հանգիստ եւ վստահ լինել, որ Հայաստանի շահերը բավարար մակարդակով կներկայացվեն, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն է: Մնացյալի մասին մնում է ուղղակի միայն տարակուսել, որովհետեւ այս մարդիկ գնում են պարզապես Ամերիկան տեսնելու: Ահավասիկ, օրինակի համար, Արմեն Մելիքյան պատգամավորը, որը նույնպես գնացել է Ամերիկա: Ինչ կապ ունեն սույն բժիշկը եւ հայոց ցեղասպանության հարցերն ու նման կարեւոր այլ խնդիրները, միայն երեւի թե իրեն են հայտնի: Մինչդեռ, Արմեն Մելիքյանն Ամերիկա գնալու փոխարեն պետք է երեւի թե նախ եւ առաջ գնա պատգամավորական կուրսերի եւ այնտեղ սովորի, որ պատգամավորը ոչ թե խորհրդարանում բերանը ջուր առնելու եւ նստելու համար է, այլ նախաձեռնություններ, օրինագծեր ներկայկացնելու, ելույթներ ունենալու եւ մտքեր արտահայտելու: Եվ ահա ուրեմն նմանօրինակ “խուլ ու համր”, “մումիա” պատգամավորին ուղարկում են Ամերիկա, որպեսզի նա այնտեղ ցեղասպանության հարցերում Հայաստան ներկայացնի: Իրապես զավեշտալի է, եթե չասենք ողբերգական: